Ապագայի հետ կապված գլոբալ բնույթի կանխատեսումների համար կենտրոնական գաղափարը, որի հիման վրա կարող են իրականացվել նման կանխատեսումները, մարդկության քաղաքակրթական ապագայի շարունակականությունն ու հարատևումն է։
Նման մոտեցումով, դրա հակառակ վիճակը, այսինքն, մարդկային քաղաքակրթության կործանումը, դիտվում է քաղաքակրթության, որպես մարդկային համակարգի սխալական լինելու հետևանք, որը կարող է տեղի ունենալ պատահականորեն՝ ներկա գլոբալ հակամարտության կողմերից մեկի թույլ տված պատահական սխալով։
Այդ հնարավոր մեծամասշտաբ սխալի բուն էության մեջ խորանալու և դրա տեղի ունենալու հնարավոր ճանապարհները հասկանալու համար ներկայի գլոբալ հակամարտության երևույթը պետք է դիտարկվի միաբևեռ աշխարհակարգային պարադիգմից դեպի բազմաբևեռ կամ երկբևեռ պարադիգմ անցում կատարելու պրոցեսի բարդության իներցիոն ֆոնի վրա։
Դրանից բացի, շատ կարևոր է նաև մարդկային քաղաքակրթության ապագայի հետ կապված հարցերը քննարկելիս հաշվի նստել նաև այնպիսի գործոնի հետ, ինչպիսին է նրա բարդությունը։
Ինտուիտիվ կերպով մենք գիտենք, որ կան պարզունակ ու պարզ հասարակություններ, և կա ներկայի մարդկային քաղաքակրթությունն իր ավելի ու ավելի բարդացող կառուցվածքով։
Այստեղ պետք է հաշվի առնել նաև մեկ այլ սկզբունքային հանգամանք՝ համակարգի բարդության և դրա կայունության միջև եղած կապը։
Ասվածի իմաստը ավելի հասանելի դարձնելու համար դիտարկենք մեկ այլ, ավելի պարզ օրինակ։
Խոսքը քիմիական տարրերի բարդության և դրանց կայունության մասին է՝ կյանքի տևողության իմաստով։
Հայտնի գիտական փաստ է, որ շատ բարդ քիմիական տարրերն ունեն կյանքի շատ փոքր տևողություն, քանի որ իրենց բարդության պատճառով անկայուն են։
Գիտությանը հայտնի է նաև, որ շատ բարդը տենդենց ունի տրոհվելու ավելի պարզերի, որոնք ավելի կայուն վիճակներ են։
Այս իմաստով մարդկային քաղաքակրթության բարդացումը, որը բնութագրվում է մարդկանց թվի աճով, տեխնոլոգիաների զարգացմամբ, ռեսուրսների ավելի արագ օգտագործմամբ և այլն, բերում է նրա անկայունության տարբեր դրսևորումների՝ մասշտաբային կոնֆլիկտների, մասսայական ոչնչացման զենքերի օգտագործման հետ կապված ռիսկերի և այլ տեսքերով։
Այս ուղղությամբ գիտությունը դեռ շատ ասելիքներ ունի, որոնց նպատակը պետք է լինի մարդկային քաղաքակրթությունը նրա բարդության և կյանքի քաոսայնությունը որպես դրա բարդության հետևանք դիտարկելը, շրջանառության մեջ մտցնելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են քաղաքակրթական բազմազանությունն ու էնտրոպիան, որպես բարդության չափեր և, վերջապես, մարդկության քաղաքակրթական բարդության կառավարման հետ կապված պրոբլեմների քննարկումը։
Այս ամենի մեջ իր կարևոր տեղը պետք է ունենա բարդ համակարգերի սպոնտան դրեյֆումը դեպի ավելի հավանական ու կայուն վիճակներ։
Պավել Բարսեղյան